Վրաստանի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դոլիձեի կարծիքով' Վրաստանի խորհրդարանը մոտ ապագայում չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա պատճառն այն է, որ դա շատ նուրբ հարց է, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վրացագետ Ալիկ Էրոյանցը: «Դոլիձեի խոսքով' Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչումն իրականություն չի դառնում հիմնականում Թբիլիսի-Անկարա առկա հարաբերությունների համատեքստում: Փաստորեն, վրացի պատգամավորը բացահայտ ընդունում է, որ վերոնշյալ հարցում իրենք առաջնորդվում են Թուրքիային չնեղացնելու քաղաքականությամբ, ինչն, ըստ էության, քաղաքական բնութագիր ունի: Ի դեպ, 2011թ.-ի մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը, երկար-բարակ չմտածելով, միաձայն ընդունեց չերքեզների ցեղասպանությունը:

 

Հ. Գ. Վրաստանի Խորհրդարանի հայազգի պատգամավորները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այն դատապարտող բանաձև են նախապատրաստում, որը շուտով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը»,- գրել է վրացագետը: