Մարտի 30-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խարբերդ եւ Այնթափ համայնքներում տեղացած կարկուտը պտղատու այգիներին եւ մշակաբույսերին վնաս չի պատճառել:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ այն հատվածներում, որտեղ ավելի շատ կարկուտ է եկել, հիմնականում եղել են գյուղի վարչական տարածքները, որտեղ չկան զանգվածային այգիներ եւ ցանքատարածություններ:
Վարչության պետն ասաց, որ հակակարկտային կայանքներից արձակվել է 2940 կրակոց' երկու փուլով, ինչից հետո կարկուտը վերածվել է անձրեւի:
Անդրադառնալով կարկտից հետո տեղացած առատ անձրեւին՝ Տերտերյանն ասաց, որ դա էլ նպաստել է հողատարածքների հագեցմանը: Դրանք ձեռք են բերել բավարար խոնավություն' հետագայում կանաչ զանգվածների առատ աճի համար:
Լիլիթ Մաճկալյան