Lufthansa ավիաընկերությունը 275 մլն եվրո կվճարի Ֆրանսիայի հարավում Airbus A-320-ի աղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bild գերմանական հրատարակությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի:

 

Նշվում Է, որ այդ փոխհատուցումը գրեթե կրկնակի ավելի Է այն գումարից, որը սովորաբար վճարվում Է նման դեպքերում: Bild-ը նշում Է, որ ավիաընկերությունը այդ կերպ փորձում Է խուսափել անհատական հայցերից, քանի որ դրանց հարուցման դեպքում Lufthansa-ն հարկադրված կլինի ապացուցել, որ ինքը չԷր կարող կանխել աղետը:

 

Lufthansa-ն փոխհատուցումների վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ չի մեկնաբանում:

 

Ավելի վաղ Lufthansa ավիափոխադրողի ներկայացուցիչները հայտնել են, որ Ֆրանսիայի իշխանություններն ընդունել են կործանված A320 ինքնաթիռում գտնվող ուղեւորների ընտանիքների 325 անդամների: Խոսքն առավելապես վերաբերում Է Գերմանիայից եւ Իսպանիայից զոհվածների ազգականներին, որոնց համար երկու հատուկ ինքնաթիռ Է վարձակալվել Դյուսելդորֆում եւ Բարսելոնում: Սակայն կան նաեւ Արգենտինայից, Վենեսուելայից, Կոլումբիայից, Մեքսիկայից եւ Ճապոնիայից ընտանիքների ներկայացուցիչներ: Նրանք սկսել են Ֆրանսիա ժամանել դեռ մարտի 26-ին՝ սկզբում Մարսել, իսկ հետո նրանց տեղա փոխել են A320-ի կործանման վայրի մոտակայքում գտնվող Սեն լեզ Ալպ գյուղ:

 

Ընդհանուր առմամբ ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռում ուղեւորներ կային մեկուկես տասնյակ պետություններից:

 

Մարտի 30-ին վթարի վայրում վերսկսվել են զոհվածների մարմինների մնացորդների եւ երկրորդ «սեւ արկղի» որոնումները, որից ստացվելիք տվյալները պետք Է լրացնեն տեղի ունեցածի պատկերը:

 

Զոհված ուղեւորների մերձավորների հետ զրուցել Է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը, որը տեղեկացրել Է հետաքննության առաջին արդյունքների մասին: Ինքնաթիռի խցիկում խոսակցությունների՝ «սեւ արկղի» արած ձայնագրությունների վերլուծությունը ցույց Է տալիս, որ 150 մարդու կյանք խլած ողբերգության են հանգեցրել երկրորդ օդաչուի՝ 28-ամյա Անդրեաս Լուբիցի միտումնավոր գործողությունները: Ուշագրավ Է, որ նրա ծնողները նույնպես ժամանել են Ֆրանսիա, սակայն հենց սկզբից նրանք առանձնացվել են մնացած խմբից:

 

Germanwings ընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում էր Դյուսելդորֆ, մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Աղետը տեղի է ունեցել Վերին Պրովանսի Ալպերի դեպարտամենտի Տրուա-Էվեշե լեռնազանգվածի շրջանում՝ Դին լե Բեն բնակավայրից ոչ հեռու: Օդանավում եղել է 150 մարդ՝ 144 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, որոնք բոլորն էլ զոհվել են: