Հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանն աշխարհում առկա հայկական հուշարձանների ցանկագրման անհրաժեշտություն է տեսնում: «Մեր պատմության ընթացքում մեզ բաժին հասած ժառանգության ամենաստվար հատվածը հենց նյութական ժառանգությունն է. մեր պատմամշակութային հուշարձանները:

 

 

Սակայն, առ այսօր մենք ոչ պետական, ոչ սփյուռքի մակար դակով չունենք գոնե հասարակ ցանկագրություն մեր պատմամշակութային արժեքների վերաբերյալ, թե արդյոք ամբողջ աշխարհում հայ շինարարը ինչ շինություններ է կառուցել և դրանցից որոնք են կանգուն մնացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ'լրագրողների հետ ապրիլի 6-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց հուշարձանագետը և հավելեց, որ առկա են առանձին տարածքների վերաբերյալ ուսումնասիրություններ, սակայն դա բավարար չէ:

 

 

Նա նշեց, որ խիստ մոտավոր տվյալներով մինչև 1915թվականն Արևմտյան Հայաստանում եղել է մոտ 180 հազար հայկական պատմամշակութային հուշարձան, որոնցից 96-97 տոկոսը ոչնչացվել է: «Ադրբեջանի իշխանությունները 1998-2006թվականների ընթացքում մշակութային եղեռն իրականացրեցին հայկական 27 հազար պատմամշակութային հուշարձանների նկատմամբ, որոնք հիմնահատակ ավերվեցին:

 

Վրաստանում հայկական պատմամշակութային հուշարձանները փորձում են վերածել վրացականի. հայկական եկեղեցիներից հանվում են հայկական արձանագրությունները' դրանց տեղը տեղադրելով վրացականը»,-արձանագրեց Արգամ Այվազյանը և հավելեց, որ մեր հարևաններից միակ երկիրը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որտեղ հայկական պատմամշակությանի հուշարձանները ոչ միայն պահպանվում, այլև վերականգնվում են: «Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ 6-7 հայկական հուշարձան է վերականգնել 1960թվականներից ի վեր, որոնցից 3-ը իրենց նախաձեռնությամբ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,-պարզաբանեց Այվազյանը:

 

 

Անդրադառնալով Հայաստանում հուշարձանների պահպանման խնդիրներին'նախիջևանագետը նկատեց, որ ներկայումս պատմական հուշարձանների վերականգնումն իրականացնում են ոչ մասնագիտական կազմակերպությունները, ինչն անընդունելի է: «Ամեն շինարար չի կարող վերականգնել պատմական հուշարձան: Հայաստանում գտնվող պատմական հուշարձանների զգալի մասը խիստ վթարային վիճակում են, և ես կարծում եմ, որ դրանք սկզբում պետք է ամրակայվեն, որից հետո ամբողջական վերկանգնվեն, այլ ոչ թե հակառակը»,-շեշտեց հուշարձանագետը և հավելեց, որ Հայաստանում ներկա դրությամբ առկա է 2 4 հազար պատմամշակութային հուշարձան, որոնց մի մասը պետությունը օգտագործման համար հանձնել է եկեղեցուն: