Էներգետիկայի միջազգային գործակալությունը (EIA) հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվելու դեպքում եկող տարի նավթի գինը կարող է ընկնել եւ մեկ բարելի դիմաց հասնել մինչեւ 15 դոլարի:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը հայտնել է, որ Իրանի շրջադարձը նավթային շուկա կարող է ռիսկի ենթարկել գների կայունացման հնարավորությունը:

 

 

Ըստ գործակալության' առաջարկի մեծության պատճառով անցյալ տարի նավթի գները մոտ 50 տոկոսով հետընթաց էին ունեցել: EIA-ն հայտարարել է, որ եթե Իրանը սկսի ինտենսիվորեն նավթ արդյունահանել, ապա այն կարող է օրական նվազագույնը 700 հազար բարելով ավելացնել նավթի ծավալները, ինչը նշանակում է, որ նույնքանով կավելանա նաեւ առաջարկը, որն էլ կբերի նավթի գների լրացուցիչ անկման:

Bloomberg-ի տվյալներով' Իրանը միայն ընթացիկ տարվա մարտին օրական 2,85 մլն բարել նավթ է արդյունահանել:

 

 

Մարտին նավթի օրական արդյունահանման իր' 10,3 մլն բարել ծավալով ռեկորդ է սահմանել Սաուդյան Արաբիան: Այդ երկրի նավթի նախարար Ալի ալ Նաիմին հայտարարել է, որ հնարավոր է, որ նավթի արդյունահանման օրական ծավալը շարունակի մնալ 10 մլն բարել սահմանում:

 

 

Այսօրվա տվյալներով' միջազգային ապրանքային սակարաններում նավթի մեկ բարելի գինը տատանվում է 45-55 դոլար սահմաններում եւ նվազելու միտում ունի: