Իտալական բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ և հեռուստառադիոընկերություններ ակտիվորեն անդրադարձել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա պաշտոնական այցին ու ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում կայանալիք պատարագին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իտալացի լրագրողները հայ-իտալական հարաբերություն ներն անվանում են ջերմ եւ շեշտում, որ այս այցելությամբ հարաբերություններն ավելի են ամրապնդվում:

 

 

Difesa-ն հատկապես կարեւորում է հայ-իտալական համագործակցությունը ռազմական ոլորտում՝ շեշտելով, որ հայ խաղաղապահները «Յունիֆիլ»-ի կազմում խաղաղարար առաքելություն են իրականացնում Լիբանանում: Կայքն այս առումով շատ է կարեւորում Նախագահ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի պաշտպանության նախարարի հետ' հավելելով, որ հանդիպումը կնպաստի հետագայում առավել սերտ համագործակցությանը:

 

 

Նախագահի այցի մանրամասներն ու նրա ելույթները ներկայացնելով՝ իտալական լրատվամիջոցները հատկապես շեշտում են հայերի ներկայությունը Իտալիայում եւ Վատիկանում կայանալիք պատարագը:

 

 

Իտալացի մեր գործընկերները պատարագը բնութագրում են կարեւորագույն իրադարձություն:Toscanaoggi-ն այդ կապակցությամբ զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան Եվրոպայի հովվապետական պատվիրակության փոխանորդ Թովմա Խաչատրյանի հետ, ով շեշտել է այն կարեւորագույն նշանակությունը, որ հաղորդելու է պատարագը հայ ժողովրդին եւ քրիստոնյա աշխարհին:

 

 

Իտալիայի ազգային լրատվական գործակալությունը՝ ANSA-ն էլ հայ-իտալական հարաբերությունները, տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը վիճակագրությամբ եւ փաստերով ներկայացնելու համար զրուցել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի հետ:

 

 

Napolipost.com-ն էլ անդրադարձել է Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում Սուրբ Գրիգոր Հայի մասունքների վերազետեղմանը: Կայքը մանրամասն ներկայացրել է եկեղեցու պատմությունն ու այն, թե ինչպես են հայ կույսերը Գրիգոր Լուսավորչի մասունքները Կոստանդնուպոլսից տարել Նեապոլ: Հոդվածի վերջում Napolipost.com-ը շեշտում է. «Հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են, եւ նրանց ներկայությունն Իտալիայում շատ կարեւոր է»: