Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հատկանշական է, որպեսզի ՀԱՊԿ-ն ամրագրի տարածաշրջանային հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

 

 

Կարծում եմ՝ խորհրդանշական է, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ ՀԱՊԿ ԽՎ-ն միջազգային խորհրդարանական վեհաժողովներում միավորի իր ջանքերի ահաբեկչության, ֆաշիզմի եւ այլատյացության դեմ պայքարում՝ կանխարգելելով ապագայում նման երեւույթների կրկնությունը: Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները խորհրդարանական վեհաժողովներում այս հարցի շուրջ կունենան հավասարակշռված դիրքորոշում եւ կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները»: