Ադրբեջանցիներն իրենց հայատյացությունը տարածում են նաեւ արտասահմանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական իշխանամետ ANS PRESS լրատվական գործակալությունը, օրերս ադրբեջանցի ուսանողները Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի հյուսիսային հատվածում, որը թուրքերն անվանում են «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», բողոքի ցույց են կազմակերպել մի ներկայացման մեջ հայ դերասան խաղալու դեմ:

 

Գազիմաղուսա շրջանում Ռաուֆ Դենքթաշի անվան մշակութային կենտրոնում բեմադրվել է «Ցավ, քաղցր սեր» թատերական ներկայացումը, որտեղ թուրք դերասան Լեւենթ Օզդելիքի հետ խաղացել է նաեւ հայազգի գրող եւ դերասան Արետ Վարդանյանը:

 

Ադրբեջանցի ուսանողների հրահրած բողոքի ակցիան ցրելու համար մշակույթի կենտրոն ժամանած ոստիկանները ձերբակալել են ակցիային ակտիվորեն մասնակցած մի քանի ադրբեջանցիների:

 

Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթն ավելի վաղ գրել է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների դրդմամբ ադրբեջանցիների հայատյացությունը վերածվել է համաժողովրդական զբաղմունքի: