Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շարունակվելու են մեծ ինտենսիվությամբ: Այդ են վկայում արդեն ապրիլի 24-ին հաջորդած օրերին աշխարհի տարբեր վայրերում անցկացվող ոգեկոչման արարողությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա առանձնահատուկ շեշտեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ Փարիզում բացված ցուցահանդեսը: «Ինչպես գիտեք, վաղը ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ կշարունակվեն 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Վաշինգտոնի Մայր Տաճարում կայանալու է էկումենիկ պատարագ' Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մասնակցությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Վիգեն Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ' հուլիսին Երևանում կհյուրընկալվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը, որն իրականանում է երկու տարին մեկ անգամ: «Մենք արդեն ունենք ինֆորմացիա, որ գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է'մոտ 400 մասնակից է գրանցվել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա կարևորեց օգոստոսին Երևանում սպասվող Համահայկական խաղերի անցկացումը' նշելով, որ այդ օրերին հայության մեծ համախմբման ու ոգևորության ականատեսն ենք լինելու:
«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա շաբաթը լի է լինելու միջոցառումներով: Այդ շաբաթվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի Մյուռոնօրհնեքը: Այդ օրերին կկայանա նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը, որի ժամանակ կամփոփվեն կատարված միջոցառումները ու հաստատման կդրվեն առաջիկա ծրագրերը»,-նշեց Վիգեն Սարգսյանը: