ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Մակեդոնիայի իշխանություններին և այդ երկրի ալբանական համայնքին զսպվածության կոչ է արել ոստիկանների և ալբան զինյալների միջև զինված ընդհարումներից հետո, որոնք ներթափանցել էին Կոսովոյի տարածքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհրաժեշտ է կատարել Մակեդոնիայի Կումանովոյի շրջանում տեղի ունեցած միջադեպի թափանցիկ հետաքննություն:

 

 

Մայիսի 9-ին և 10-ին Մակեդոնիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիսի Կումանովոյի Դիվա Նասելբայի շրջանում իրականացրել են զինված ավազակային կազմավորման ոչնչացման հատուկ գործողություն, որն ընդհանուր առմամբ շարունակվել է ավելի քան 15 ժամ: Չորս արմատականներ ոչնչացվել են, ևս 30-ը բանակցություններից հետո հանձնվել են իրավապահ մարմիններին: Գործողության ընթացքում ուժային կառույցների ութ աշխատակիցներ են զոհվել, ևս 37-ը տուժել են:

 

 

Ինչպես տեղեկացրել է ՆԳ նախարարության ներկայացուցիչը, կատարված հարցաքննություններից հետո հայտնի է դարձել, որ խմբավորման մասնակիցները Մակեդոնիա են ներթափանցել մայիսի սկզբին և պլանավորում էին նույն ամսվա կեսերին ահաբեկչական գործողություններ և հարձակումներ իրականացնել պետական ու քաղաքացիական օբյեկտների վրա:

 

 

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, բոլոր նշված զինյալները, որոնցից երեքը հանձնվել են իշխանություններին, Կոսովոյի բնակիչներ են: