Չեչնիայում ընթանում է ավելի քան 20 հազար մարդու տեղավորող մզկիթի շինարարությունը, որը բացումից հետո կարող է դառնալ խոշորագույններից մեկն աշխարհում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Ռամզան Քադիրովին:

 

 

«Շալի քաղաքում կառուցվում է աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը: Այսօր ես եղա շինարարական հրապարակում: Ավարտվում է գմբեթի ծածկումը: Մզկիթը կտեղավորի ավելի քան 20 հազար մարդ է»,- ասել է Քադիրովը:

 

 

Նա նաև հայտնել է, որ մզկիթի առաստաղի բարձրությունը հասնում է 36 մետրի, մինարեթներն ունեն 64 մետր բարձրություն:

 

 

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Շալի քաղաքում մզկիթի նախագիծը մշակել են ուզբեկ ճարտարապետները: Մզկիթի կառուցման որոշումը կայացվել է տարածաշրջանի բնակիչների բազմաթիվ խնդրանքներով:

 

 

2008 թվականի հոկտեմբերին Գրոզնիում կայացել է հանրապետության գլխավոր՝ «Չեչնիայի սիրտը» մզկիթի բացումը: Այն կրում է Չեչնիայի նախկին նախագահ Ահմատ Հաջի Քադիրովի անունը: Մզկիթը նախատեսված է 10 հազար տեղի համար և համարվում է խոշորագույններից մեկը Եվրոպայում: