Ստամբուլի արդարադատության պալատում տեղի է ունեցել առաջին դատական նիստը Twitter-ում և Instagram-ում հրապարակումներ արած թուրք մոդել, «Միսս Թուրքիա-2006» տիտղոսակիր Մերվե Բույուքսարաչի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հարուցված գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

 

Բույուքսարաչն առողջական խնդիրների պատճառով նիստին ներկա գտնվել չի կարողացել: Էրդողանի փաստաբան Ֆերահ Յըլդըզը դատարանում հայտարարել է, որ Բույուքսարաչը շարունակել է սոցցանցերում Էրդողանին վիրավորող գրառումներ թողնել: Մեղադրող կողմը պահանջել է Բույուքսարաչին դատապարտել երկու տարվա ազատազրկման: Դատարանը դատական նիստը հետաձգելու որոշում է կայացրել: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին:

 

 

Թուրք մոդելի անվան շուրջ սկսված այս իրարանցման պատճառը նրա կողմից Instagram-ում արված հրապարակումն էր, որտեղ նա տեղադրել էր սատիրական պոեմ' «Առաջնորդի պոեմ» խորագրով, որում քննադատվում էր Էրդողանը երկրի պետական օրհներգի ձևափոխված բառերի միջոցով: Հետագայում նա հրապարակումով կիսվել էր Twitter-ում: Բույուքսարաչը հերքել էր իր դեմ ներկայացված մեղադրանքները' ասելով, որ իր հրապարակմամբ չի ցանկացել վիրավորել Էրդողանին:

 

 

Մերվե Բույուքսարաչի շուրջ իրարանցումը տեղ էր գտել անգամ միջազգային լրատվամիջոցներում: Բրիտանական The Indepenent պարբերականը գրել էր, որ թուրք մոդելը Թուրքիայում ավտորիտար ռեժիմի պայմաններում հետաքննության ենթարկվող վերջին անուններից է: The Indepenent-ը հիշեցրել էր, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիայում մշտապես ճնշումներ են կիրառվում լրատվամիջոցների, մասնավորապես ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ, հետապնդվում են հազարավոր մարդիկ, ովքեր մասնակցում են հակակառավարական միջոցառումներին: