Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում ավարտված թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը մասնակցեցին նաև Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի մարզիկները: Այս առիթով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի թաեքվոնդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի հետ:
- Պարոն Դանիելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հայ մարզիկների մասնակցությունն աշխարհի առաջնությանը և ինչպե՞ս էր թիմը նախապատրաստվել առաջնությանը:
-Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան ամեն ինչ արել էր, որ մեր մարզիկները լավագույնս նախապատրաստվեն աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությանը մենք սկսել ենք պատրաստվել նոյեմբերից, անցկացվել են ուսումնամարզական հավաքներ, մասնակցել ենք Իրանում անցկացված G-1 կարգի մրցաշարին՝ նվաճելով բրոնզե մեդալներ (Հայկազ Սամվելյան, Վահագն Աղեկյան), ՌԴ Նալչիկ քաղաքում անցկացված օլիմպիական քաշային կարգերով Եվրոպայի առաջնությանը նվաճել ենք արծաթե մեդալ (Արման Երեմյան): Վերջին հավաքն անցկացրեցինք Երևանում, որտեղ մեր մարզիկներն իրենց աշխատանքը կատարելագործեցին DAEDO սենսորային համակարգով, որը նույնպես մեծ դեր խաղաց մեր հաղթանակներում: Մարզիկ Արման Երեմյանը զույգերի բացակայության պատճառով ուսումնամարզական հավաք անցկացրեց Իրանի հավաքականի հետ: Մեր հավաքականը գտնվում էր գերազանց վիճակում և դա երևաց մենամարտերում. մարզիկների մոտ ավելորդ լարում և շտապողականություն չկար, գերազանց զգում էին մրցագորգը:
-Առաջնությանը մասնակցած 5 հայ թաեքվոնդիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը (անձ. մարզիչ՝ Արսեն Ավետիսյան): Նա առաջին անգամ էր մասնակցում նման խոշոր մրցաշարի և գերազանց լուծեց մարզիչների կողմից իր առջև դրված տակտիկական խնդիրները և, հաղթելով 1/128-ում' սլովենացի, 1/64-ում' սենեգալցի, 1/32-ում' հոլանդացի, 1/16-ում' ավստրիացի մարզիկներին, մեդալի համար պայքարում պարտվեց փորձառու իսպանացի մարզիկին և գրավեց 5-րդ տեղը (ձեռք բերեց 25.92 վարկանիշային միավոր):
Թաեքվոնդո մարզաձևը այնքան մեծ տարածում ունի և մրցակցությունն այնքան սուր է, որ 139 երկրների պատվիրակների առաջնությունում կարիք եղավ ևս մեկ մրցամարտ անցկացնել: Աշխարհի նախորդ առաջնություններում 5-րդ տեղի համար բավական էր 3 հաղթանակ: Բոլոր դեպքերում մեր մարզիկը մոտ էր մեդալի և արժանի ելույթ ունեցավ:
58 կգ. քաշային Հայկազ Սամվելյանը (անձ. մարզիչ՝ Միքայել Թորգոմյան) 1/64-ում հաղթեց ազգությամբ պարսիկ իսլանդացի մարզիկին, 1/32-ում ոսկե միավոր գոտեմարտում պարտվեց ավստրալիացի մարզիկին (ձեռք բերեց 12.70 վարկանիշային միավոր):
63 կգ. քաշային Հակոբ Ղազարյանը (անձ. մարզիչ՝ Սարգիս Սարգսյան) 1/128-ում հաղթեց ղրղզստանցի մարզիկին և 1/64-ում պարտվեց մեքսիկացի մարզիկին (ձեռք բերեց 6.22 վարկանիշային միավոր):
80 կգ. քաշային Արման Երեմյանը (անձ. մարզիչ՝ Վարդան Վարդանյան) 1/64-ում հաղթեց լիբիացի մարզիկին և 1/32-ում պարտվեց կանադացի մարզիկին (ձեռք բերեց 12.70 վարկանիշային միավոր):
87+ կգ. քաշային Դավիթ Ղևոնդյանը (անձ. մարզիչ՝ Էդվարդ Վարժապետյան) 1/32-ում ոսկե միավոր գոտեմարտում պարտվեց ուկրաինացի մարզիկին:
Մեր 2 մարզիկները արժանի մրցեցին, իսկ 2 դեպքում ուժեղ մրցակցին զիջեցին միայն ոսկե միավորի սկզբունքով: Այնպես որ կարելի է ասել, որ հայ թաեքվոնդիստները գրեթե չեն զիջել մրցակիցներին, թեև մեդալ չեն նվաճել: Մեր բոլոր թաեքվոնդիստները նվաճեցին նաև օլիմպիական վարկանիշայինմիավորներ:
- Դուք մասնակցեցիք նաև թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր համաժողովին: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Այո: Արժե նշել, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան, որը վերջերս գլխավորել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, սերտորեն համագործակցում է միջազգային և եվրոպական ֆեդերացիաների հետ, որի արդյունքում հոկտեմբերին Երևանում կանցկացվի խուլ և համր թաեքվոնդիստների եվրոպական, իսկ հաջորդ տարի' աշխարհի առաջնությունը:
Համաժողովում որոշվեց Աշխարհի հաջորդ առաջնությունը անցկացնել Հարավային Կորեայի Մոջջո քաղաքում, իսկ պատանիների Աշխարհի առաջնությունը' Մեքսիկայի Մեխիկո քաղաքում:
-Առաջիկա ժամանակներում ի՞նչ միջազգային մրցումների կմասնակցեն մեր թաեքվոնդիստները:
- Հունիսին պատանիները կմասնակցեն հուլիսի 1-6-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հուլիսին մեր ուսանող մարզիկները կմասնակցեն Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին և, իհարկե, մենք հատուկ ուշադրություն կդարձնենք 2016 թվականի օլիմպիական խաղերին հայ թաեքվոնդիստ ունենալու խնդրին, ինչը մեր կարևորագույն հեռանկարային խնդիրներից է: