Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ իրենց դռներն ամբողջությամբ փակ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիայի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

 

Պատասխանելով թուրք լրագրողի հարցերին՝ Բահչելին նշել է, որ կոալիցիայի ամենաիդեալական տարբերակը կլինի ԱԶԿ համագործակցությունը քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հետ: Նա վերահաստատել է ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու իրենց նախապայմանները, որոնք են՝ թուրք-քրդական հաշտեցման գործընթացի դադարեցումը, 2013 թվականի դեկտեմբերին «Մեծ կաշառք» գործի ամբողջությամբ բացահայտումը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նորակառույց պալատից դուրս գալով Չանքայայի պալատ տեղափոխվելը:

 

Ազգայնական կուսակցության առաջնորդը նշել է, որ ԱՇԿ-ն պատրաստվում է լինել Թուրքիայի առողջ և ուժեղ ընդդիմությունը:

 

Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա օրերի ընթացքում վարչապետին կհանձնարարի կառավարություն կազմելու գործը: Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ընթացքում մեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցի շուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: