Եվրասիական տարածությունում պետք է խաղաղություն տիրի, այն չպետք է լինի աշխարհաքաղաքական խաղերի դաշտ: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվիրակությունների ղեկավարների պատվին կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեզ համար դա (Եվրասիական տարածությունը) շախմատի տախտակ չէ, դաշտ չէ աշխարհաքաղաքական խաղերի համար: Դա մեր տունն է, և մենք բոլորս միասին ցանկանում ենք, որ այդ տանն իշխի խաղաղությունը, բարօրությունը, որ այնտեղ տեղ չլինեն ծայրահեղականության և ուրիշների հաշվին իրենց շահերն ապահովելու փորձերի համար»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
Ռուսաստանը, Պուտինի խոսքով՝ կհամագործակցի BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության գործընկերների հետ՝ Եվրասիայի անվտանգության ապահովման համար: