Եվրոպական խորհրդարանում նոր հայամետ բանաձևի ընդունումը դիվանագիտական ճակատում հայկական կողմի տարած ևս մեկ հաղթանակ է: Հուլիսի 9-ին ընդունված Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևին նման գնահատական է տվել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

 

«Առաջին ուշագրավ հանգամանքն այն է, որ Եվրոպական Միությունն իր հարևան երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, այլևս չկա այն գործելաոճը, որ եթե մեզ հետ չես, ուրեմն անհնար է պատկերացնել երկկողմ գործընկերությունը: Այժմ հաշվի են առնվում հարևանության երկրների ներքին և արտաքին առաջնայնությունները, քաղաքական օրակարգը, իսկ Հայաստանի և մի շարք այլ երկրների պարագայում՝ այլ ինտեգրացիոն կառույցներում ունեցած պարտավորությունները: Իհարկե, Ադրբեջանը շատ կցանկանար, որ կապված Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ Եվրոպական Միությունը դադարեցներ համագործակցությունը մեզ հետ, և այդ ուղղությամբ բավականաչափ «միջնորդական» առաքելություն է իրականացրել»,- նշել է պատգամավորը:

 

Նա կարևոր է համարել այն, որ բանաձևում հիշատակվել է 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը, կարևորություն է տրվել դրա բոլոր դրույթներին: «Ադրբեջանցիների պատկերացումները բոլոր դրույթների վերաբերյալ մի փոքր թյուր են, քանի որ նրանք սարսափում են ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներից, որը սակայն, ԵՄ-ում ՀՀ առաքելության և հայկական կազմակերպությունների կողմից կատարված լուռ և հետևողական աշխատանքի շնորհիվ ընդգրկվել է բանաձևում»,- փաստել է Նաիրա Կարապետյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի պատվիրակությունն այս անգամ ևս, բեռնված խավիարի մեծ պաշարով, հույսեր ուներ հաջողության հասնել և բանաձևում ներառեր խեղաթյուրված ձևակերպումներ, սակայն ամեն ինչ ապարդյուն անցավ: Ավելին, բանաձևում առանձնահատուկ դերակատարություն է տրվում ԵԱՀԿ-ին, որպես հակամարտությունների կարգավորման մեջ իր անվիճելի դերակատարությունն ունեցող միջազգային կազմակերպության: Իսկ ինչպես հայտնի է, Ադրբեջանն ամեն կերպ ջանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դուրս հանել ԵԱՀԿ շրջանակներից և տանել իրեն ձեռնտու, կարելի է ասել արկածախնդիր շրջանակներ:

 

«Ահա այսպես, եւս մեկ հաղթանակ դիվանագիտական ճակատում, մեկն այն բազում-բազմաթիվ հաղթանակներից, որի ընթացքի, դժվարությունների և կատարված աշխատանքի վերաբերյալ մեզ գրեթե ոչինչ հայտնի չի: Այս անգամ ևս սառցաբեկորի միայն երևացող մասն՝ արդյունքի տեսքով հառնեց մեր առջև, ինչը ակնհայտ է դարձնում Բրյուսելում հայկական դիվանագիտության աշխատանքում էական դրական տեղաշարժեր են եղել»,- ասել է հայ պատգամավորը: