Աթենքում ընթացող հրապարակային հեծանվավազքի մինչեւ 23 տարեկանների և առանձին անցկացվող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հուլիսի 16-ին կայացել են խմբակային վազքի մրցումները:
Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մհեր Մկրտչյանը, երիտասարդների առաջնությանը մասնակցող Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ: Եվրոպայի երիտասարդների առաջնության խմբակային վազքի եզրափակչում (100 շրջան, 25 կմ) գերազանց է հանդես եկել Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը վերջին շրջանից առաջ հավակնել է անգամ հաղթողի կոչմանը: Նա ի վերջո հավաքել է 13 միավոր՝ այնքան, որքան ռուս հեծանվորդ Դենիս Նեկրասովը, սակայն լրացուցիչ գործակիցներով Ն եկրասովը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Էդգար Ստեփանյանը զբաղեցրել է 4-րդ տեղը: Նույն մրցատարածքում մյուս մասնակիցը՝ Պավել Ստեփանյանը, եզրափակիչ փուլում նույնպես հաջող է հանդես եկել ու զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Մինչեւ 23 տարեկանների առաջնությունում խմբակային վազքի (160 շրջան, 40 կմ) եզրափակիչ դուրս եկած Մհեր Մկրտչյանը զբաղեցրել է 19-րդ տեղը:
Նախօրեին կայացած 3 կմ հետապնդումով մրցավազքում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը:
Հուլիսի 17-ը Եվրոպայի առաջնության վերջին օրն է, ու հայ հեծանվորդները մասնակցելու են հերթական մրցաձեւին: