Լիբիայի օդային ուժերն օգոստոսի 16-ի առավոտյան ավիահարվածներ են հասցրել Սիրտ քաղաքում տեղակայված ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Լիբիայի ժամանակավոր կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջամալ Զաուբիան:

 

Ավելի վաղ ավիահարվածների մասին հայտնել էին տեղական ԶԼՄ-ները, սակայն նրանք հստակ տեղեկատվություն չէին հաղորդում, թե ում ինքնաթիռներն են այդ հարվածները հասցրել: Լիբիայի ժամանակավոր կառավարությունն օգոստոի 15-ին արաբական երկրների իր դաշնակիցներին հորդորել էր ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:

 

«Ես հստակ տեղեկություն եմ ստացել այն մասին, որ Լիբիայի օդային ուժերն ավիահարվածները հասցրել են օգոստոի 16-ի առավոտյան, նրանք հարվածներն ուղղել են Միսուրատա քաղաքից և ճիշտ նպատակակետերին են դիպել»,-գործակալությանը հայտնել է Զաուբիան:

 

ԻՊ-ի ահաբեկիչները երկու օրում կատարված հարձակումների արդյունքում Սիրտ քաղաքում սպանել են 169 մարդու: Քաղաքում շարունակվում են բախումները կառավարական ուժերի, ԻՊ-ի ահաբեկիչների և իսլամական այլ խմբավորումների անդամների միջև:

 

Օգոստոսի 18-ին նախատեսված է Արաբական լիգայի երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվելու են Լիբիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև այդ երկրին ահաբեկչության դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցը: