Ադրբեջանում սեպտեմբերի 6-ից մեկնարկել են հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտնում ՏԱՍՍ-ը' հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Վերը նշված զորավարժության սցենարի համաձայն՝ զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, կատարվելու են պաշտպանության վարման, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ:
Զորավարժությանը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 13-ը, մասնակցելու է 65 հազար զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային միջոցներ, շուրջ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, 20 նավ, կատեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, 6 հազար պահեստային զինվորական և անօդաչու թռչող սարքեր. զորավարժությունը ղեկավարելու է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: