Եգիպտոսում բացառում են, որ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզում գտնվող զինյալների կողմից: Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Sky News Arabia-ին հայտնել են Եգիպտոսի ուժային կառույցների աղբյուրները:

 

Եգիպտական կողմի նախնական տվյալներով' ինքնաթիռը ռադարներից անհետացել է էն-Նահալ լեռնային շրջանում, որտեղ թաքնվում են իշխանությունների դեմ պայքարող ծայրահեղականները: Կահիրեից ստացվող տեղեկության համաձայն' օդանավի կործանման պատճառը կարող է լինել շարժիչի խափանումը, ինչի հետևանքով ինքնաթիռը վերահսկողությունը կորցրել է: Նշվում է նաև, որ ահաբեկչական գործողության կամ երկրից ինքնաթիռի ուղղությամբ կրակոցների տարբերակն ամբողջությամբ բացառված է:

 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ' Եգիպտոսի ուժայինները հայտնել, որ գտել են կործանված ինքնաթիռը: «Ինքնաթիռում գտնվողները, ամենայն հավանականությամբ, բոլորը մահացել են»,- հայտնել են նրանք: Դեպքի վայրում գտնվող անվտանգության աշխատակիցներից հայտնել են, որ օդանավն ընկել է լեռնային հատվածում: Նրանք տեղեկացրել են, որ բոլոր զոհերի դիերը կուղարկվեն Կահիրե: