Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որը տեղափոխում է Տուլայի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերին և վիրավորվածներին, մեկնել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

 

 

«Իլ-76 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 18:02-ին (Երևանի ժամանակով ժամը 19:02-ին-խմբ.) Երևան է մեկնել Ռամենսկոյե օդանավակայանից: Օդանավում են վթարից 29 տուժածներ, նրանց ազգականները, Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և հյուպատոսության ներկայացուցիչները: Տուժածներին ուղեկցում են «Ցենտրոսպաս» ջոկատի և Աղետների բժշկության «Զաշչիտա Մինզդռավա» համառուսաստանյան կենտրոնի բժիշկները»,- հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի զրուցակիցը:

 

 

Օդանավը սարքավորված է բժշկական չորստեղանի մոդուլուվ: Այդ հատուկ չվերթով Երևան են տեղափոխվում նաև զոհվածների աճյունները:

 

 

ՌԴ Մ-4 ավտոմայրուղու վրա Մոսկվայից Երևան մեկնած ավտոբուսի վթարը տեղի է ունեցել Տուլայի մարզում նոյեմբերի 3-ի գիշերը: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, որոնք ՀՀ քաղաքացիներ են: Վթարի արդյունքում զոհվել է 8 մարդ, տուժել' 46-ը, որոնցից 11-ը գտնվում են վերակենդանաց ման բաժանմունքում: Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ' «ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որը հանգեցրել է անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահվան» հոդվածով, նա ձերբակալված է: