«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.





Սպանություն Քանաքեռ-Զեյթունում. թոռը ապակյա շշով հարվածել է տատի գլխին



Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում նոյեմբերի 5-ին' ժամը 22.50-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ հարևանի դստեր' Էմմայի խնդրանքով բացել է նրանց տան դուռը և մտնելով ներս' հայտնաբերել են վերջինիս մոր' 1924թ. ծնված Սիրանուշ Կարապետյանին' մահացած, արյան հետքերով, կողքին կոտրված շիշ բեկորներ կան, իսկ տունը խառնած վիճակում է:

 

 

 

Ինչպես Mediamall.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 5-ին' ժամը 22.40-ին, Կամարակի 1-ին նրբանցքի տներից մեկի ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է Ս. Կարապետյանի դիակը' գլխի շրջանում ապակյա շշի հարվածի հետքով:

 

 

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 4-ին' ժամը 22.30-ին Ս. Կարապետյանին սպանել է վերջինիս թոռը' 1987թ. ծնված, նախկինում դատապարտված Արման Կ.-ն: Արման Կ.-ն ձերբակալված է:

 

 

 

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

 

 

***

 

Charlie Hebdo-ն ծաղրանկարներ է հրապարակել А321-ի անկման վերաբերյալ (լուսանկար)

 

 

 

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն իր էջերում հրապարակել է երկու ծաղրանկար՝ կապված Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի վթարի հետ։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

 

 

 

Ծաղրանկարներից առաջինում պատկերված է գրոհային, որի վրա թափվում են օդանավի բեկորները։ Պատկերին կից գրված է. «Ռուսական ավիացիան ուժեղացնում է ռմբակոծությունները»։

 

 

 

Երկրորդ ծաղրանկարը պատկերում է արևային ակնոցներով գանգ՝ կործանված օդանավի ֆոնին։ «Ռուսական բյուջետաին ավիաընկերության վտանգները։ Ես պետք է թռչեի Air Cocaine-ի չվերթով»,- ասվում է կից մեկնաբանությունում, որը հղում է անում ֆրանսիական օդանավի հետ կապված սկանդալային միջադեպին. օդանավում Դոմինիկյան Հանրապետությունում հայտնաբերվել էր ավելի քան 600 կգ կոկաին։

 

 

 

 

 

***

 

 

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

 

 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 

 

***

 

Հայկական ավտոբուսի վթարից տուժածներից մեկը Տուլայից ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա

 

 

Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժածներից մեկն ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա. նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Տուժածներից 12-ը շարունակում են իրենց բուժումը ՌԴ-ում, նրանցից երկուսի վիճակը մտահոգիչ է, քանի որ ծայրահեղ ծանր է: «Առավոտյան եմ խոսել, մեկ հիվանդ պետք է ուղղաթիռով տեղափոխվի Մոսկվա: Մեկ հիվանդի վիրահատությունը երեկ երեկոյան ավարտվեց: Փոխնախարար Միրիջանյանը մնացել է Տուլա քաղաքում, որ կոորդինացնի այդ աշխատանքները»,- ասաց նախարարը:

 

 

Տուլայի ավտովթարից տուժածներից տասն էլ Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է դիմել առավոտյան ժամը 09:00-ին: Այն հիվանդները, ովքեր կարող էին բուժումը շարունակել տնային պայմաններում, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: «Հինգ հիվանդ ամբուլատոր կարգով շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մուրադյանը:

 

 

***

 

 

Տուլայում ավտովթարից տուժած 10 քաղաքացի դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ



 

ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից նոյեմբերի 6-ին'ժամը 08.15-ի սահմաններում, կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ:

 

 

Բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ իրենց է դիմել 10 քաղաքացի (Գևորգ Իսպիրյան (ծնվ. 1980թ.), Նարինե Երեմիշյան (ծնվ. 1961թ.), Կարեն Սաֆարյան (ծնվ. 1985թ.), Ռադիկ Անտոնյան (ծնվ. 1972թ.), Արկադի Համբարձումյան (ծնվ. 1992թ.), Սարգիս Մկրտչյան (ծնվ. 1966թ.) Կամո Մկրտչյան (ծնվ.1964թ.), Սիրեկան Թադևոսյան (ծնվ. 1960թ.), Ժորա Ռուշանյան (ծնվ.1998թ.) և Քնարիկ Ռուշանյան (ծնվ.1971թ.):

 

 

Ժամը 08.18-ի դրությամբ, ԲԿ-ում են գտնվում Սարգիս Մկրտչյանը, Նարինե Երեմիշյանը, Կարեն Սաֆարյանը, Ռադիկ Անտոնյանը և Կարո Մկրտչյանը:

 

 

Նոյեմբերի 5-ին' ժամը 21.55-ի դրությամբ, Տուլայի ավտովթարի հետևանքով զոհված 8 քաղաքացիներին և տուժածներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: