Եգիպտոսում կործանված ռուսական Airbus A321 մարդատար ինքնաթիռում պայթյունի հնարավոր կազմակերպիչը «Սինայի վիլայաթ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուսամա ալ Մասրին է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Sunday Times բրիտանական թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

 

Ինչպես պնդում է հրատարակությունը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել են այս տեղեկատվությունը և հայտարարել այդ ահաբեկչին բռնելու կամ վերացնելու գործը կազմակերպելու հարցում Ռուսաստանին կամ Եգիպտոսին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Այն դեպքում, եթե նման քայլ ձեռնարկվի, Լոնդոնն այդ գործողությանը մասնակից կդարձնի Հատուկ օդային ծառայության (SAS) բրիտանացի աշխատակիցներին:

 

Թերթի տվյալներով՝ Ուսամա ալ Մասրին եգիպտոսցի հոգևորական է, որն ուսում է առել «Ալ Ազհար» մուսուլմանական հոգևոր համալսարանում:

 

Բրիտանական հետախուզության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ռումբն օդանավ է մտցրել «Սինայի վիլայաթ» խմբավորման անդամներից մեկը, որն աշխատում էր օդանավակայանում: Լոնդոնում զգուշանում են, որ նա մինչ այժմ ազատության մեջ է: