Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է իր հետ հանդիպելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքը:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այդ առնչությամբ Կրեմլից արված հաղորդագրության մեջ ասվում է. «Թուրքիան պատրաստ չէ ներողություն հայցելու, այդ պատճառով մերժում ենք նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման խնդրանքը»:
Էրդողանը երեկ Բայբուրթում ունեցած ելույթում հայտնել էր, որ հանդիպում է խնդրել Պուտինից նոյեմբերի 30-ին Փարիզում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային համաձայնագրի կողմերի 21-րդ համաժողովի գագաթաժողովի շրջանակում, որին պետք է մասնակցի նաեւ ՌԴ նախագահը:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են: Օդապարիկով իջնելու ժամանակ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող թուրք հրամանատարը գնդակահարել է օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկ ացնելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: