Համաշխարհային հանրության կողմից հավանության ցուցանիշով առաջատարն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում 65 երկրներում WIN/Gallup International-ի անցկացրած հարցման արդյունքները: Օբամայի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 59 տոկոսը, հավանություն չի տալիս 29 տոկոսը: Նրան հաջորդում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (նրան աջակցում է 42 տոկոսը, չի աջակցում 29 տոկոսը), Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը (37 տոկոս և 28 տոկոս՝ համապատասխանաբար) և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը (35 տոկոսն աջակցում է, 29 տոկոսը՝ ոչ):

 

 

Աշխարհում առավել մեծ հավանության արժանացած քաղաքական գործիչների ցուցակում հինգերորդ տեղն զբաղեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրան հավանություն է տալիս հարցման մասնակիցների 33 տոկոսը, հավանություն չի տալիս 43 տոկոսը: Ընդսմին նա այն ոչ մեծ թվով քաղաքական գործիչներից մեկն է, որի ժողովրդականությունն իր երկրում ավելի բարձր է, քան աշխարհում:

 

 

Շուրջ 64 հազար մարդու հարցում արած սոցիոլոգները նշում են, որ Օբամային ցուցաբերվող հավանությունը բարձր է Եվրոպայի, Հարավային Ամերիկայի և Հարավային Ասիայի երկրներում, իսկ Պուտինին՝ նախկին ԽՍՀՄ-ի երկրներում, այն դեպքում, երբ Եվրամիության երկրներում և ԱՄՆ-ում նա աջակցություն չի վայելում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: