Ադրբեջանում ազգային արժույթի' մանաթի դեկտեմբերի վերջին լողացող փոխարժեքի անցման հետեւանքով բոլոր ապրանքների, այդ թվում' սննդամթերքի աննախադեպ թանկացումների հետ կապված այդ երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաները հասել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից շրջաններ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, haqqin.az-ը հայտնում է, որ այսօր առավոտվանից թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիա է սկսվել Բեյլագանում, որը գտնվում է ԼՂՀ հարավ արեւելյան սահմանում: Բնակչությունը բողոքում է համատարած թանկացումների, այլ սոցիալական խնդիրների դեմ եւ պահանջում իշխանության հրաժարականը:

 

Շրջանի ղեկավարությունը չի կարողացել պատասխանել բնակչության բարձրաձայնած հարցերին: Ոստիկանությունը փորձել է ցրել ակցիան, սակայն հավաքվածների խիստ դիմադրության պատճառով հետ է քաշվել:

 

Թանկացումների դեմ բողոքի ակցիա է սկսվել նաեւ Բաքվի Հովսանա ավանում (meydan.tv): Նրանք հայտարարել են, որ եթե շաբաթվա ընթացքում իրենց բոլոր պահանջները չկատարվեն, ապա առաջիկա կիրակի ավելի մեծ եւ երկարատեւ բողոքի ակցիա կսկսեն:

 

Անցյալ շաբաթ թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ադրբեջանի Գուբայի, Լենքորանի, Սիյազանի, Աղջաբեդիի, Գուսարի, Խաչմազի, Ջալիլաբադի եւ այլ շրջաններում: Իշխանություններն անմիջապես ակցիաները կազմակերպելու մեջ մեղադրել են ընդդիմությանը եւ սկսել ընդդիմության ներկայացուցիչների եւ ակցիայի մասնակիցների ձերբակալություններ:

 

Ադրբեջանի իշխանությունը ԶԼՄ-ներին արգելել է տեսանյութեր հրապարակել ակցիայի վայրերից: Ձերբակալվել են մի քանի քաղաքացիներ, որոնք փորձել են բջջային հեռախոսներով նկարահանել ոստիկանության հետ բախումներով ընթացող ակցիաների տեսարանները: