«Ազգընտիրները» լինում են իշխանական, ընդդիմադիր կամ՝ նախկին իշխանական, ներկայումս՝ ընդդիմադիր խաղացող, բայց իրականում՝ ընդդիմադիր դաշտն արժեզրկող: Օրինակ՝ նախկին իշխանությունների անբաժան մասնիկ, ներկայումս՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն արդեն տարիներ ի վեր այդ առաքելությունն է կատարում: Չնայած ինքը սիրում է անեկդոտներ պատմել, բայց մյուս կողմից՝ իր, ավելի շուտ՝ իր կողմից մշտապես օգտագործվող արտահայտությունների շուրջ էլ են անեկդոտներ շրջանառվում: Օրինակ, «ռեժիմի՝ խուճապի մեջ լինելու» թեման վաղուց արդեն հումորային թեմա է դարձել: 2008-ից Զուրաբյանը պնդում է, որ «ռեժիմը խուճապի մեջ է», երբեմն «ռեժիմը ընկնում է հոգեվարքի մեջ», երբեմն՝ «նահանջում է», ու այդքանով հանդերձ՝ այդ ռեժիմը շարունակում է մնալ, իսկ դրա փոխարեն Լևոն Զուրաբյանի թիմը գնալով նվազում է, թուլանում: Եվ հարց է առաջանում՝ ո՞րն է այդ ռեժիմի ֆենոմենը, որ այն կարողանում է մշտապես խուճապի մեջ լինելով՝ գոյատևել, ավելին՝ ամրապնդել իր դիրքերը, իսկ իրեն «խուճապահար» անողներին սահուն կերպով դուրս մղել քաղաքական դաշտից: Միգուցե Զուրաբյանը սխալվու՞մ է, միգուցե խոսքը մեկ այլ՝ ոչ իշխանական ռեժիմի մասի՞ն է, որը իսկապես խուճապի մեջ է…

 

Ահա այսպիսի բաների արդյունքում ընդդիմությունն այսօր Հայաստանում լուրջ չի ընկալվում: Իսկ «ազգընտիր» Լևոն Զուրաբյանին դա, կարծես, այդքան էլ չի մտահոգում, նա շարունակում է գործել նույն ոգով և շարունակում է վստահ մնալ, որ «ռեժիմը խուճապի մեջ է»: կարևորը, որ ինքը ԱԺ պատգամավոր է, ունի իր տեղը:

 

Ի դեպ, որպես պատգամավոր՝ նախաձեռնություններով առանձնապես աչքի չի ընկել, ընդամենը 4 անգամ է հանդես եկել, սակայն դրա փոխարեն 59 անգամ ելույթ է ունեցել՝ արդեն պարզ է, թե ինչ ոճի մեջ: Բայց քվեարկություններից բացակայություններն էլ քիչ չեն՝ 234: Իհարկե, դրանց մի մասը կարող են հարգելի լինել, որովհետև Զուրաբյանը նաև ԵԽԽՎ պատվիրակության անդամ է:

 

Ահա այսպիսի «ազգընտիրներով» էլ ապրում ենք, և նրանք դեռ շատ են, դեռ կհասցնենք ներկայացնել բոլորին: