Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան և ազգային արտարժույթներով «BBB-» մակարդակից իջեցրել է մինչև «BB+» մակարդակի:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը Ադրբեջանում արժեզրկման մակարդակը 2016 թվականին կանխատեսում է 14 տոկոս մակարդակի:

 

 

Գործակալությունը գտնում է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի միջազգային արտարժույթի պահուստները կարող են աճել մինչև այն մակարդակի, որով հնարավոր կլինի ապրանքների ներկրման և ծառայությունների ծավալը փակել 4,9 ամսում:

 

 

Այսօր արված հայտարարության մեջ Fitch-ը հայտնել է, որ 2015 թվականի վերջին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները կազմել էին 6,1 մլրդ դոլար, ինչը բավարար է եղել 3,4 ամսվա ներկրումը փակելու համար:

 

 

Ներկայումս Fitch-ը ենթադրում է, որ Brent տեսակի նավթի արժեքը 2016 թվականին կկազմի մեկ բարելի համար 35 դոլար, իսկ հետո՝ 2017 թվականին կաճի մինչև 45 դոլար և 65 դոլար՝ երկարաժամկետ հեռանկարում:

 

 

2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել ազգային արժույթի' մանաթի լողացող փոխարժեքի, որի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի և եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ գրեթե երկու անգամ աճել է: Որոշ տվյալներով' Բաքվի «սև շուկայում» ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է արդեն 3-4 մանաթով:

 

 

Ադրբեջանական մանաթի աննախադեպ արժեզրկման արդյունքում այդ երկրում ծայրահեղ վատացել է սոցիալ-տնտեսական դրությունը, ինչը երկրի շրջաններում զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել:

 

 

Միջազգային վարկանիշային Standart & Poor's գործակալությունը հունվարի 29-ին մեկ դիրքով իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը և նրան շնորհել արտասահմանյան և տեղական արժույթով երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային BB+ մակարդակի է վարկանիշ: Գործակալության տերմինաբանությամբ' Ադրբեջանի վարկանիշը հասել է «աղբ» սահմանի: Standart & Poor's-ի հետևից Ադրբեջանի վարկային վարկանիշը իջեցրել է նաև Mood's գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով: Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 2015 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է մոտ 7 մլրդ դոլար: «Թուրան»-ը հաղորդել է, որ 2016 թվականի փետրվարի 20-ի դրությամբ' Ադրբեջանի արտաքին պարտքը 6,4 տոկոսով աճել է:

 

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: