Թուրքիան՝  ահաբեկչության վերաբերյալ մտահոգվելու բոլոր հիմքերն ունի: Երկրի հարավային սահմաններում գործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, իսկ ներսում՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) աջակիցները հարձակումներ են իրականացնում անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա, սակայն, վերջին ժամանակներս «ահաբեկչություն» բառն Անկարայում բոլորովին այլ իմաստ է ձեռք բերել: Այժմ «ահաբեկչական գործողություն» հասկացությունը ներառում է կարծիքի արտահայտությունը, որը չի համապատասխանում Անկարայի գծին, գրում է Foreign Policy-ն:

 

 

Այսուհետ ամեն բան, ինչը նույնիսկ «քրդական հարցի» վերաբերյալ Անկարայի դիրքորոշման հետ որպես անհամաձայնություն է ընկալվում՝ սկսած երկրի հարավ-արևելքում բախումների մասին նորություններով, բռնության դադարի մասին միջնորդություններով, վերջացրած քրդական Նոր տարվա տոնակատարություններին հրավերով, այժմ «ահաբեկչական քարոզչություն» է համարվում՝ ահաբեկչության դեմ պայքարի նոր օրենքի ձևակերպման համաձայն, որն արգելում է ««ահաբեկչական» կազմակերպությունների դեմ պրոպագանդան»:

 

 

Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար դա էլ բավարար չէ, քանի որ անցյալ շաբաթ նա կոչ է արել ընդլայնել ահաբեկչության ձևակերպումը, որպեսզի նրա մեջ ներառվի նաև ահաբեկչական գործողությունների աջակցությունը:

 

 

«Այն, թե ինչպես իրենք են իրենց անվանում՝ փաստաբաններ, գիտնականներ, գրողներ, լրագրողներ, չի փոխում այն փաստը, որ նրանք, իրականում, ահաբեկիչներ են», - մարտի 15-ին հայտարարել է Էրդողանը: «Ոչ միայն նրան, ով սեղմում է ձգանը, այլ նաև նրան, ում շնորհիվ դա հնարավոր է դառնում, պետք է ահաբեկիչ անվանել», - հավելել է նա:

 

 

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ չկա ոչ մի տարբերություն «ահաբեկչի, ով զենք կամ ռումբ ունի, և նրանց միջև, ովքեր օգտագործում են իրենց դիրքն ու հռչակը՝ իրենց «ահաբեկիչների» նպատակներն իրականացնելու համար»: