Պակիստանում արյունալի ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ, գրեթե 300-ը՝ վիրավորվել: Մահացածների թվում հիմնականում կանայք և երեխաներ են, հաղորդում է The Straits Times-ը:

 

Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Լահոր քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Հայտնի է, որ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է զբոսայգու մուտքի մոտ՝ երեխաների համար նախատեսված հատվածի և դրամարկղերի մերձակայքում:

 

Տեղի ունեցածից հետո, քաղաքում փակվել են բոլոր զբոսայգիներն ու առևտրի կենտրոնները, սուգ է հայտարարված:

 

Զատիկի տոնը նշելու համար զբոսայգի էին եկել քրիստոնյաները, որոնք կրոնական փոքրամասնություն են Պակիստանում:

 

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժման հետ կապված «Ջամաաթ ուլ Ահրարա» ահաբեկչական խմբավորումը: Ծայրահեղականները հայտարարել են, որ իրենց թիրախում եղել են քրիստոնյաները: