Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրվելու ֆոնին, և, ակներև է, որ այդ թեման նույնպես կարծարծվի հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստի օրակարգը ներառում է 10 հարց, որոնք վերաբերում են Համագործակցության գործունեության հանգուցային ուղղություններին:

 

Նիստի արդյունքում համապատասխան փաստաթղթերի նախագծերը կներկայացվեն ԱՊՀ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: Ինչպես ավելի վաղ հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում, «արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առարկայորեն կխոսեն ԱՊՀ-ի երկրների բազմապլանային գործակցության ընդլայնման հեռանկարների մասին, կարծիքներ կփոխանակեն միջազգային քաղաքականության հրատապ թեմաների շուրջ, կարծարծեն արտաքին քաղաքական համակարգումն ամրապնդելու հարցերը, ինչպես նաև կծանոթանան 2015 թվականին ԱՊՀ-ի շրջանակներում բազմամակարդակ միջգերատեսչական կոնսուլտացիաների պլանի իրագործման վերաբերյալ տեղեկատվությանը և կհաստատեն 2016 թվականի համապատասխան ծրագիրը»:

 

Համագործակցության 25-ամյակի համատեքստում նախարարները «կքննարկեն ԱՊՀ-ի արդյունավետության հետագա բարձրացման, տարածաշրջանում բազմակողմ համագործակցության ժամանակակից իրողություններին նրա գործունեության ադապտացման ուղիները»: «Հատուկ ուշադրություն կդարձվի գործակցության հումանիտար ոլորտին, իրավապահ բնագավառում համագործակցության ամրապնդմանը»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում: Օրակարգի առանձին կետ նվիրված է երիտասարդական քաղաքականության և զինված ուժերի համագործակցության բնագավառում ԱՊՀ-ի մասնակից պետությունների բազային կազմակերպությունների վերաբերյալ հարցին: