Կենտրոնի թիվ 9/18 ընտրատեղամասում մի ընտրող թողել է իր անձնագիրն ու հեռացել։
Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Աբգար Սարգսյանը կասկածել է, որ հենց նա է այդ անձնագրի տերը։ Նա հարցեր է տվել, օրինակ՝ ինչպես է Ձեր հայրանունը, որը զայրացրել է ընտրողին, եւ նա առանց քվեարկելու, անձնագիրը նետել է եւ հեռացել։
Զայրացած ընտրողի անունն , ըստ անձնագրի, եղել է Ղազախեցյան Գուրգեն Արտաշեսի, 1945թ ծնված։
Հանձնաժողովի անդամներից ոմանք բողոքում էին, թե պարոն Սարգսյանը շատ ակտիվ է եւ գրեթե բոլորին ստուգում է։ «Ժառանգության» ներկայացուցիչը չի ընդունում՝ պնդելով, եթե նա խանգարեր մյուսների աշխատանքը, ապա համապատասխան արձանագրություն կկազմվեր։
Իսկ այս պահին արձանագրություն է կազմվում «շպրտված» անձնագրի մասին։ Անձնագիրը երեւի հանձնվի ոստիկանությանը։