Հանրահայտ ճշմարտություն է այն, որՌուսաստանը, որպես համաշխարհային գերտերություն, իր ներկայիս կարգավիճակին կարողացել է հասնել ոչ միայն շնորհիվ հզորագույն բանակի ու փայլուն դիվանագիտության, որ նոր մակարդակի հասավ ներկայիս արտգործնախարար Սերգեյ Լավրովի օրոք, այլև այն բնական ահռելի ռեսուրսների, որ ունի այս երկիրն իր ընդերքում:
Մասնավորապես՝ բոլորը գիտեն այն պարզ ճշմարտությունը, որ Եվրոպայի վրա Պուտինի ունեցած կարևոր լծակներից մեկը, եթե չասենք կարևորագույնը, Հին աշխարհի ունեցած էներգետիկ կախվածությունն է Ռուսաստանից, ինչն էլ շատ դեպքերում օգնում է Մոսկվային ստեղծել լուրջ հակակշիռ Վաշինգտոնին Եվրոպայում. Արևմուտքում բոլորն են հասկանում, որ ներկայումս Ռուսաստանը Հին աշխարհի համար այն կարևորագույն էներգետիկ ռեսուրսների անփոխարնելի աղբյուրն է, առանց որի անհնար է պատկերացնել զարգացած երկրների տնտեսությունն ընդհանրապես:
Բայց ինչպես հայտնի է, ամեն բան իր չափն ու սահմանն ունի, ու մոտ ապագայում ամենևին էլ չի բացառվում այն, որ Ռուսաստանի դիրքերը եվրոպական էներգետիկ շուկայում էապես թուլանան, ու Մոսկվան կորցնի ոչ միայն Եվրոպայի վրա ազդելու իր տնտեսական կարևորագույն լծակներից մեկը, այլև, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական, քանի որ դատելով այսօր Հունաստանում տեղի ունեցածից՝ խաղի մեջ է մտնում Ադրբեջանը՝ որպես անկախ էներգամատակարար երկիր, որ պետք է ժամանակի ընթացքում, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի այլընտրանք դառնա Ռուսաստանին եվրոպայում.Բաքուն նախատեսում է Եվրոպա հասցնել տարեկան 10 մլրդ կուբամետր գազ, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ռուսական «Գազպրոմի» գործերի վրա:
Այսպես՝ մայիսի 18-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել Տրանսադրիատիկ գազատարի հիմնարկեքի արարողությունը, որով նախատեսվում է գազ մատակարարել Եվրոպային ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից: Ինչպես հայտնում են ինֆորմացիոն աղբյուրները, հիմնարկեքի արարողությանը մասնակցել են Հունաստանի և Վրաստանի վարչապետերը, Բուլղարիայի և Ադրբեջանի փոխվարչապետերը, Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Ալբանիայի էներգետիկայի նախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ամենայն հավանականությամբ, Տրանսադրիատիկ գազատարը՝ TAP-ը, անցնելու է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքներով, այնուհետև Ադրիատիկ ծովով դուրս է գալու Իտալիա:
Այսքանից հետո մի շատ բնական հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող են որոշ ռուս չինովնիկներ ու քաղաքական վերլուծաբաններ համարել, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում: Մի՞թե նմանները չեն գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը ոչ թե ռազմավարական գործընկերներ են, այլ էներգետիկ մրցակիցներ, ինչից բխում է և այս երկու երկրների աշխարհաքաղաքական անհամատեղելիության աներկբա փաստը: Վստահ ենք՝ շատ էլ լավ հասկանում են, պարզապես փորձում են անել ամեն բան՝ չայրելու Ադրբեջանի հետ Մոսկվայի ունեցած կամուրջները՝ այդ ընթացքում նաև շռայլելով խոսքեր, որոնք ոչ մի էական փաստարկ իրենց հիմքում չեն կարող ունենալ. եթե Արևմուտքի համար Ադրբեջանը գործիք է աշխարհում ռուսական ազդեցության դեմ պայքարում, ապա ինչպե՞ս կարող է այդ գործիքը բարեկամ հանդիսանալ մի երկրի համար, որի դեմ այն օգտագործվում է. հարց, որի պատասխանը գտնելն, ըստ մեզ, այնքան էլ դժվար չէ…
Դավիթ Բաբանով