Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել խորհրդի հերթական հավաքն անցկացնելու նպատակով

 

:

Հանրապետության Նախագահը ողջունել է Եվրոպայում երիտասարդական կազմակերպությունների համագործակցության մեծ հարթակ հանդիսացող կառույցի անդամներին և հույս հայտնել, որ հարյուրից ավելի ազգային երիտասարդական խորհուրդների և միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցող կառույցի երևանյան հավաքը կլինի արդյունավետ, երիտասարդները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչը, Նախագահի համոզմամբ, կխթանի կազմակերպությանն անդամակցող տարբեր երկրների երիտասարդների միջև սերտ համագործակցության ձևավորմանն ու հետագա զարգացմանը:

 

 

«Ուզում եմ ընդգծել, որ մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին և, ընդհանրապես, երիտասարդության հետ, որովհետև դա նոր սերնդի տեսլականին ծանոթանալու ամենակարճ և ամենաարդյունավետ միջոցն է: Եվրոպական հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդների մասնակցությունը խթանելու և երիտասարդների դերի բարձրացմանն օժանդակելու ձեր առաքելությունը ամբողջովին համահունչ է մեր քաղաքականությանը: Եվ հենց նաև այդ պատճառով մենք մշտապես ողջունում ենք Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների մասնակցությունը համաեվրոպական կառույցների աշխատանքին և նաև ընդգրկումը այդ կառույցներում այն պարզ պատճառով, որ մեր արժեհամակարգը եվրոպական արժեհամակարգի բաղկացուցիչ մաս է:
Շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք: Ես լիահույս եմ, որ ձեր աշխատանքը կլինի արդյունավետ»,-նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը և պատրաստակամություն հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

 

Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահ ընդունելության համար և ներկայացրել իրենց գործունեությունը, նպատակներն ու ՀՀ Նախագահից հետաքրքրվել, թե Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ արդեն ընդունված ՀՀ սահմանադրական բարեփոխումները, որքանո՞վ են նպաստում որոշումների կայացման գործընթացում երիտասարդությանը և երիտասարդական կազմակերպություններին ավելի լայնորեն ներգրավվելուն, ինչպիսի՞ պետական քաղաքականություն է վարվում Հայաստանում երիտասարդների դերի մեծացման, նրանց հնարավորությունների լիարժեք դրսևորման, կրթություն ստանալու և դրանից հետո աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար:

 

 

Հանդիպման մասնակիցները կարևորել են տարածաշրջանում և, աշխարհում ընդհանրապես, խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի վտանգված չլինեն երիտասարդության ներկան և ապագան: Այդ համատեքստում երիտասարդները Նախագահ Սարգսյանից հետաքրքրվել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով, հակամարտության պատճառով երիտասարդների համար առաջացած խնդիրներով:

 

 

Հանրապետության Նախագահը հանգամանորեն պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող այս և բազմաթիվ այլ հարցերի, մաղթել նրանց հետագա հաջողություններ: