«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի և Սիրիայի վերահսկվող տարածքներում խալիֆայության հռչակման երկրորդ տարելիցի շրջանակում ԻՊ-ի «Աամաք»(اعماق) լրատվական գործակալությունը աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում ունեցած դեռևս ննջող իր բջիջներն ունենալու վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակել:

 

Նշվում է, որ թեև WordPress-ի կողմից հակազդեցության արդյունքում «Աամաք»-ի պաշտոնական վեբ էջը մայիսից փակ է, սակայն նրանց պատրաստած ինֆոգրաֆիկան սկսել են արագորեն տարածել աշխարհի ԶԼՄ-ները՝ ուշադրություն հրավիրելով Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28-ի գիշերն իրականացված ահաբեկչական գործողությունների և այդ հրապարակման միջև առկա օրինաչափությանը։

 

ԻՊ-ի «մեծ չափով վերահսկվող երկրների» շարքում նշված են Սիրիան և Իրաքը, «միջին չափով վերահսկվող երկրների» շարքում՝ Չեչնիան, Եմենը, Եգիպտոսը, Նիգերիան, Լիբիան, Սոմալին, Ֆիլիպինները, Նիգերը, Աֆղանստանը, Դաղստանը, «նիրհող բջջիջներով» երկրների կատեգորիայում՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ալժիրը, Ֆրանսիան, Թունիսը, Լիբանանը, Բանգլադեշը:

 

Թուրքական ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնում են, որ թեև Թուրքիայում ԻՊ-ի ննջող բջիջների առկայության մասին լուրը նորություն չէ, սակայն, ԻՊ-ի կողմից պաշտոնական կայքի միջոցով այդ լուրի տարածումը վախի մթնոլորտ է ստեղծում Թուրքիայում: