ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տեսանյութ է տարածել` հայտնելով, որ այսօր ժամը 20:00-ին ելույթ կունենա Խորենացի փողոցում.
«Երեկ ես ասուլիս հրավիրեցի ՔՊ կուսակցության գրասենյակում ու խոսեցի այն պրոբլեմների մասին, որոնք ինձ ստիպում են վերջին երկու օրերին ձեռնպահ մնալ Խորենացի փողոցում ակտիվ դերակատարում ունենալուց:
Երեկվանից, սակայն, ես ստացել եմ Հայաստանի քաղաքացիների հարյուրավոր զանգեր, նամակներ, որոնց հեղինակներն ինձ հորդորում են, ինձնից պահանջում են, խնդրում են, որ ես վերադառնամ Խորենացի փողոց և այնտեղ ստանձնեմ որոշակի դերակատարում: Ես արդեն ասացի, որ իրավիճակի հետ կապված իմ պատկերացումները, գնահատականը տվել եմ, բայց իմ գործունեության ամենակարևոր և անկյունաքարային իմաստը ես համարում եմ Հայաստանի քաղաքացիների շահերին և անվտանգությանը ծառայելը, երկխոսություն վարելը, նրանց լսելը և նրանց գաղափարներ ու լուծումներ առաջարկելը:
Սա է պատճառը, որ այսօր քննարկումներից հետո որոշում եմ կայացրել, որ այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին, ելույթ կունենամ Խորենացի փողոցում և ինձ հղված բազմաթիվ նամակների պատասխանները կփորձեմ տալ այդ ելույթի ընթացքում:
Ի դեպ, քիչ առաջ բոլորովին անսպասելիոեն հայտնվել է Սերժ Սարգսյանը, ըստ էության, հերքելով, տարածվող այն լուրերը, որ նա այլևս տանը չէ, ես կփորձեմ անդրադառնալ նաև այդ ելույթի դրույթներին, Սերժ Սարգսյանին ընդհանրապես, նրա գործունեությանը, նրա կապին ստեղծված իրավիճակի հետ և կփորձեմ առաջարկել լուծումներ, և կքննարկենք, թե ինչ պետք է անել հետագայում»: