Թատրոնի ու կինոյի ճանաչված դերասան Գարիկ Չեփչյանն այսօր Հայաստանում չի նկատում պետական աջակցություն արվեստին։ 

 

-Պարոն Չեփչյան, Դուք՝ որպես արվեստագետ, ինչպե ՞ս եք գնահատում այսօր մշակույթին հատկացվող օժանդակությունը, արտիստի նկատմամբ ուշադրությունը։


-Անկեղծ ասած, ես շատ հազվադեպ եմ լսում, որ մշակույթին օգնություն է հատկացվում։ Եթե լիներ, կարծում եմ՝ մենք բոլորս տեղյակ կլինեինք։ Ես տեղյակ եմ, որ երիտասարդներն ինչ-որ փառատոնի են մեկնել, որը եղել է Գագիկ Ծառուկյանի շնորհիվ։ Կարծում եմ՝ պետք է անպայման լինի պետական աջակցություն։

 

-Գագիկ Ծառուկյանի անունը շեշտեցիք։ Ինչպե՞ս եք գնահատում նրա օժանդակությունն արվեստին։


-Այո, Գագիկ Ծառուկյանն արվեստին մեծ ուշադրություն է դարձնում։ Սակայն, չեմ ուզում առանձնացնել միայն արվեստը, քանի որ պարոն Ծառուկյանն ամեն ինչին էլ առանձնահատուկ է մոտենում։ Ինչքան ես տեսել եմ, նա իր առջև ինչ նպատակ դրել է, ամեն գնով հասնում է, առանց դժվարություններից վախենալու։ Ինչին մարդը մոտեցավ՝ արդյունք տվեց։ Արվեստին մոտեցավ, էլի արդյունք տվեց։ Անկեղծ ասեմ՝ ինչքան լսում եմ, ասում են պարոն Ծառուկյանն այս արեց, այն արեց։ Բա լավ, էս մարդը որ այսքան օգնում է, հնարավոր չէ՞ մի քանի հոգի էլ նույն ձևով անեն, այս երկիրը ծաղկացնեն։ Անձամբ ես՝ որպես արվեստագետ, շատ շնորհակալ եմ մոտեցման համար։ Եթե ինքն ինչ-որ մի ոլորտին սատար է կանգնում, ապա դա ծաղկացնում է,  դա փաստ է։

 

- Վերջին շրջանում շատ է քննարկվում Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցը։ Ժողովուրդը, կարելի է ասել, պահանջում է, որ նա վերադառնա քաղաքականություն։ Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում։


-Ես ասացի՝ մարդը, երբ նպատակ է դնում ամեն հարցում ու տեսնում է զարգացման ճանապարհը, բերում հասցնում է գագաթնակետին։ Եթե սպորտի մեջ կարողանում է, արվեստի մեջ կարողանում է, գյուղատնտեսության մեջ կարողանում է, նույնն էլ թող անի քաղաքականության մեջ։ Էլի բարի գործ է, մեզ համար է։ Պետք է այդպիսի մարդկանց գտնել, ովքեր ծրագրեր ունեն ու իրականացնում են։ Խոսքը հենց սրա մասին է՝ ունենալ ծրագիր ու դժվարություններ հաղթահարելով անում է դա։ Եթե անող մարդ է, ապա քաղաքականության մեջ էլ կանի։ Ավելի լավ, որ Գագիկ Ծառուկյանը գա քաղաքականություն։ Այստեղ հարց չկա մտածելու, հակառակը՝ նա պետք է գա քաղաքականություն։ Ինչ էլ արվում է, արվում է մեր ապագայի համար, երեխաների համար։ Ես երկու ձեռքով ողջունում եմ նրա՝ քաղաքականություն վերադարձը։