ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի ցանկանում փակագծերը բացել և հայտարարել, թե ՀԱԿ-ի հետ որ քաղաքական ուժերն են համագործակցության հայտն ընդունել: Պատգամավորն առայժմ նախընտրում է լռել, բայց խոստանում է, որ առաջիկայում հետաքրքրասերներին անակնկալ է սպասվում:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե ՀԱԿ-ը ակտիվ բանակցությունների մեջ է «Ամարասի Արթուրի» հետ: Արամ Մանուկյանը թեև հերքում է այս տեղեկությունները, բայց պնդում է, որ առաջիկայում բոլորն էլ կիմանան, թե ՀԱԿ-ին որ ուժերն են արձագանքել, իսկ մինչ այդ՝ ասում է.
«Ի՞նչ եք կարծում, եթե մեր առաջարկին արձագանքած լինեն, ես պետք է այդ ասին ասե՞մ… Իհարկե՝ ոչ: Ցանկացած բանակցություն՝ բանակցությունների ընթացքում չի բացահայտվում, քանի որ դա կարող է այդ գործընթացին խանգարել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ բանակցությունները շատ բարդ ու դժվարին գործընթաց է, ու եթե այդ ընթացքում անուններ հնչեն, ապա այդ գործընթացը կսկսի չաշխատել, հետևաբար, բանակցություններն էլ կդադարեն:
Ճշտող հարցին՝ դուք հանդիպումներ ունենո՞ւմ եք Ալեքսանյան Արթուրի՝ «Ամարասի Արթուրի» հետ, Ա. Մանուկյանը հավելեց.
«Եթե անգամ լինեն բանակցություններ, մենք չենք հրապարակի դրանք: Եվ որքան էլ հարցը տարբեր ձևակերպումներով հնչի, չեմ պատասխանի, քանի որ կարգն է այդպիսին»,- ասաց նա:
Ի դեպ՝ ՀՀԿ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել էր ընդդիմադիրներին՝ հասարակության մեջ թշնամանք չսերմանել: Մենք պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե նախագահն ո՞ւմ կամ ի՞նչ նկատի ուներ, Ա. Մանուկյանը պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ ես հուզված եմ այդ ելույթից ու արդեն քանի օր է՝ չեմ քնում և չգիտեմ, թե ոնց իրագործեմ այն յոթ խորհուրդները, որոնք հնչեցրեց Սերժ Սարգսյանը: Ես ավելի պարզ խորհուրդ ունեմ Սերժ Սարգսյանին տալու. թող նա մտնի ժողովրդի մեջ, գոնե մեկ անգամ նստի հասարակական տրանսպորտ և լսի, թե ինչ են իր մասին ասում: Սա շատ ավելի պրագմատիկ միջոց է, քան իր խորհուրդները: Օրը հազար երկու հարյուր դրամանոց ակցիա, որը ես անձամբ կիրառում եմ, ինչը նաև շատ օգտակար է: Թող փորձեն ու հասկանան, թե մարդիկ ինչ են ասում թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ վարչապետի, թե՛ մյուս Հանրապետականների մասին»,- ամփոփեց նա:
Արմինե Եփրեմյան