Քաղաքագետ Լևոն Շիրինյանը դրական է գնահատում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, մասնավորապես՝ մասնակցելու է առաջիկա ընտրություններին: 

«Ես գտնում եմ, որ Սեյրան Օհանյանն այն մարդը չէ, որ հաշիվներ չարած մտնի խաղի մեջ: Երևի ունի և ենթադրվում է՝ մի զանգված կհանի իր հետ, որ իշխանությունները ասեն՝ ինչ ես ուզում, մի մտի մեջ: Օրինակ՝ իշխանամետ լրատվամիջոցները այս լուրը տհաճ ենթատեքստով են հայտնել: Բայց ընդհանուր առմամբ՝ ես դեռ շատ շուտ եմ ասել, որ ընտրություններից առաջ բոլորը իրենց թիմը կազմելու են ու մտնեն խաղի մեջ»,- ԼՈԻՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Ըստ նրա՝ Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտքը լավ է նրանով, որ «գործող բանակի գործող գեներալը ավելի ինֆորմացված է». Հարցին՝ տեսնում է Օհանյանին ընդդիմադիր դաշտում, Շիրինյանը դժվարացավ պատասխանել. «Մի լավ բառ է շրջանառվում՝ այլընտրանք: Եթե ծրագիր ունեն, երկրի խնդիրները առաջնային են համարում, ցանկացածի գալն էլ ողջունելի է: Եթե այդ հարցերը դնում են՝ կարող են գալ քաղաքականություն, մանավանդ ֆինանսական ռեսուրս էլ ունեն, թող գան, հո մեզ չեն հարցնելու»: 

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց՝ որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական պրոցեսներին, մասնավորապես՝ առաջիկա ընտրական գործընթացներին: «Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման: Կարևորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ»,- իր հայտարարության մեջ ասել է Օհանյանը: