Արցախում 2016 թվականին արձանագրվել է 1222 մահվան դեպք, որոնցից 222-ը՝ հիվանդանոցային:

Այս մասին հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

«2016 թվականին մահերի ընդհանուր թիվը 2015 թվականի նկատմամբ նվազել է 5 տոկոսով, իսկ 2014 թվականի՝ 6.6 տոկոսով: Հիվանդանոցային մահերը պայմանավորված են հանրապետության շրջաններից «Հանրապետական բժշկական կենտրոն» (ՀԲԿ) ՓԲԸ տեղափոխվող ծանր հիվանդների հաշվին, որոնց ծանրակշիռ մասը տարեցներ են:

Մահացության հիմնական պատճառը չարորակ նորագոյացություններն են և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները»,- տեղեկացրել է Կ. Աթայանը և ավելացրել, որ միջազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ վերակենդանացման բաժանմունքում մահացությունը կազմում է 35-40 տոկոս, իսկ ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքում, համաձայն 2016 թվականի տվյալների, այն կազմել է 31 տոկոս: