Իսրայելի ղեկավարությունը թույլատրել է հրեա վերաբնակների համար եւս 3 հազար տների կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին: Այդ մասին Twitter-ում հայտնել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
«Ես հաստատեցի լրացուցիչ եւս ավելի քան 3 հազար նոր տների կառուցումը Արեւմտյան ափին»,- նշել է վարչապետը:
Մեկ շաբաթ առաջ Նաթանյահուն եւ երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հավանություն էին տվել Հորդանան գետի արեւմտյան ափի հրեական բնակավայրերում 2,5 հազար միավոր բնակարանների շինարարությանը:
Բացի այդ, ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հավանություն էին տվել Արեւելյան Երուսաղեմում ավելի քան 700 միավոր բնակարանների կառուցմանը:
2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 2334 բանաձեւը, որով Իսրայելից պահանջվում է անհապաղ դադարեցնել բնակարանների շինարարությունը բռնազավթված պաղեստինյան տարածքներում: Փաստաթուղթը պաշտպանել են ԱԽ-ի 14 անդամներ, եւ քվեարկության ժամանակ միայն ԱՄՆ-ի պատվիրակությունն է ձեռնպահ մնացել՝ չանսալով բանաձեւն արգելափակելու հրեական պետության կոչերին: Իսրայելն առդեն այն ժամանակ հայտարարեց, որ չի կատարելու դրա դրույթները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' REUTERS