Ռեյթինգայինով առաջադրված Հրանուշ Հակոբյանի զարմուհին միաձայն ընտրվել է ռեկտորի պաշտոնում
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները:
Մենք տեղեկացանք, որ համալսարանի խորհրդի 19 անդամից 19-ն էլ կողմ են քվեարկել, այսինքն՝ միաձայն քվեարկությամբ Հակոբյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում: Հավանաբար մեծ դերակատարում է իրենից ունեցել Հակոբյանի բարեկամական կապը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Նշենք նաև, որ խորհրդարանական ընտրություններին Ռուզաննա Հակոբյանն ակտիվ մասնակցության հայտ էր ներկայացրել: Նա ՀՀԿ-ի տարածքային ընտրացուցակով առաջադրվել է Գեղարքունիքի մարզում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Ռուզաննա Հակոբյանից հետաքրքրվեց՝ ռեկտորի պաշտոնի համար արդյո՞ք այլ թեկնածուներ չէին առաջադրվել, պարզվեց, որ այդ պաշտոնը գրավել է միայն Ռուզանա Հակոբյանին և ոչ մի այլ թեկնածու չի ցանկացել մտնել մրցակցության մեջ:
«Համալսարանի ռեկտորի ընտրության ընթացակարգի համաձայն կա ինքնաառաջադրում և գիտխորհրդի կողմից առաջարկ: Գիտխորհուրդը բաղկացած է պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսանողական կազմից: Քանի որ, այլ հավակնորդներ չկային, գիտխորհրդի կողմից ես եմ առաջադրվել»:
Ճշտող հարցին՝ արդյո՞ք դասախոսակական անձնակազմից չկային մարդիկ, ովքեր կցանկանային ստանձնել ռեկտորի պաշտոնը, Ռուզաննա Հակոբյանն ասաց. «Դա ցանկացած մարդու իրավունքն է, յուրաքանչյուր դասախոս կամ անձ կարող էր դիմել: Թեև «ցանկացած» ասվածը հարաբերական է. պետք է համապատասխան գիտական աստիճան, մասնագիտական կրթություն ունենալ: Ես 20 տարուց ավել դասախոսում եմ Գավառի պետական համալսարանում»,- ասաց նա՝ հավելելով՝ «մի խոսքով հայտարարվել էր բաց մրցույթ»:
Դիտարկմանը՝ այլ անձինք գուցե չեն առաջադրվել մտածելով, որ չեն կարող պայքարի մեջ մտնել իր հետ, Ռուզաննա Հակոբյանը վստահեցրեց՝ պայքարի խնդիր չկար, պարզապես այլ հավակնորդ չի եղել:
Թե քաղաքական գործունեությամբ զբաղվելը որքանո՞վ կազդի իր մանկավարժական գործունեության վրա, մեր հարցին նախորդ հրապարակումներից մեկում Ռուզանա Հակոբյանն ասել էր, որ ՀՀ Սահմանադրությամբ տրված իրավունքով՝ ինքը կարող է և՛ կրթական, ստեղծագործական աշխատանք իրականացնել, և՛ քաղաքականությամբ զբաղվել. «Ես եղել եմ դասախոս, շարունակում եմ լինել, և երբևէ մտադիր չեմ դադարեցնել իմ ուսանողների հետ աշխատանքը»,- ասել էր նա:
Սոնա Հարությունյան