«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցել են Վայոց ձորի մարզ։

 

Վարդան Օսկանյանն իր ելույթում մեջբերել է Միացյալ Նահանգների ամենահաջողված նախագահներից մեկի՝ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքը. «Միակ բանը, որից պետք է վախենալ, դա հենց վախն է»։

 

Նա նշել է, որ ինքն իսկապես վախենում է այդ վախից. «Ես վախենում եմ, որ դուք վախենում եք այս ընտրություններին գնալուց, ձեր ազատ կամքը դրսևորելուց։ Գնացե՛ք համաձակ, քվեարկե՛ք ձեր խղճի կամոք, և ես գիտեմ, որ ձեր խղճի կամքն այլ է նրանից, ինչ իշխանություններն են ցանկանում։ Եկեք մեր երեխաների, թոռների ապագան չվաճառե՛նք»։

 

Վարդան Օսկանյանը, դիմելով եղեգնաձորցիներին, ասել է.

 

«Շուտով ընտրություններ են, և ես ուզում եմ, որ հենց այսօրվանից սկսած՝ դուք սկսեք լավատեսորեն նայել հաջորդ օրերին և նաև ընտրություններին։ Գիտեմ, որ հիասթափությունը շատ խորն է, և ընտրությունների հետ կապված ձեր փորձը շատ դառն է, բայց այլընտրանք չկա։ Սա հերթական հնարավորությունն է օրինական ձևով իշխանափոխության հասնելու։ Ես ուզում եմ, որ դուք 2 բանի հավատաք՝ առաջին, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխության հասնել, և երկրորդ՝ եթե իշխանափոխությունից հետո եկան նոր Կառավարություն, նոր դեմքեր, նոր գաղափարներ, և հատկապես՝ եթե եկան այնպիսի մարդիկ, ովքեր նվիրում ունեն երկրին, իրենց աշխատանքով ապացուցել են, որ ազնիվ են, փորձ են կուտակել և տեսլական ունեն երկրի ապագայի նկատմամբ, ապա հավատացե՛ք, որ շատ արագ կարելի է մեր ժողովրդի այս ծանր վիճակը փոխել, լավացնել, երկիրը դնել զարգացման ճիշտ ճանապարհի վրա»։