Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է, որը նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը: Այն բաղկացած է տեղական և արտասահմանյան ընկերություններից: Նրանց գերակշիռ մասը գործում է Երևանում, որտեղ կենտրոնացած են ոլորտի բարձրակարգ մասնագետները և առկա է բիզնես գործունեության համար համապատասխան ենթակառուցվածք:

Հայկական ՏՏ ոլորտում ամենատարածված մասնագիտացումներն են՝ ծրագրավորման պատվերները և արտապատվիրման ծառայությունները, միկրոսխեմաների նախագծումը և տեստավորումը, ինտերնետային ծառայությունները, ցանցային համակարգերը և հաղորդակցումը, ինտերնետային ծրագրերը և էլեկտրոնային առևտուրը, ֆինանսական ծրագրերը, ՏՏ խորհրդատվությունը և այլն: 

«ԷլԹիԷքս Քրիդենս Արմենիա»-ն հանդիսանում էր «Xcerra Corporation»-ին (ԱՄՆ) 100%-ով պատկանող դուստր ընկերություն: «Xcerra Corporation»-ը արտադրում է ավտոմատացված տեստավորման սարքավորում՝ կիսահաղորդչային արդյունաբերության համար: Այն Հայաստանում գործում էր շուրջ 20 տարի: Ինչու ենք անցյալ ժամանակով խոսում, քանի որ այդ ընկերությունն այսօրվանից այլևս չի գործելու: Այն ՏՏ ոլորտում բավական հաջողված ընկերություն էր, որտեղ աշխատում էին բարձր որակավորում ունեցող մասնագետներ: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ընկերության աշխատակից Մանե Բաբայանը նշեց, որ այսօրվանից՝ շուրջ 60 բարձրակարգ մասնագետներ գործազուրկ են: Ընկերության հայաստանյան մասնաճյուղի փակման վերաբերյալ՝ մեր զրուցակիցն ասաց՝ իրենց ասել են, որ ԱՄՆ-ն ընկերությունը վաճառել է չինական ինչ-որ կազմակերպության, որն էլ որոշում է կայացրել փակել հայաստանյան դուստր ձեռնարկությունը: «Թե ինչու է նման որոշում կայացվել, չգիտենք: Մեզ այսօր են ասել, որ ընկերությունը փակվում է»,- ասաց ընկերության՝ արդեն նախկին աշխատակիցը: