Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսի համար հրապարակել է 2018 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ համապատասխան հանձնարարականները, որոնցով նախատեսվում են զգալի ֆինանսական կրճատումներ: Պարզվել է, որ մեր երկրին տրամադրվող օգնության ծավալները ևս զգալի անկում են ապրել` հասնելով ընդամենը 6,8 միլիոն դոլարի:

Միառժամանակ առաջ Հայաստանում կարծիքներ էին հնչում, թե ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալների կրճատումը կարող է պայմանավորված լինել Հայաստանում վերջին շրջանում նկատվող տենդենցներով: Իբր ԱՄՆ, հիասթափված Հայաստանում խորացող ռուսական ազդեցությունից, իր վերաբերմունքն է այդպիսով փորձում հայտնել մեզ: Այս տեսակետը որքան էլ «գայթակղիչ» թվա, իրականում, սակայն, ոչ մի քննադատության չդիմացող տեսակետ է, քանի որ կրճատումները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև համընդհանուր բնույթ են կրում և պայմանավորված են Թրամփի վարչակազմի կողմից վարվող նոր քաղաքականությամբ:

Իրականում Հայաստանը միակ երկիրը չէ, որին տրամադրվող օգնությունը կրճատվելու է. ԱՊՀ մյուս երկրները ևս ստիպված են լինելու սեփական մաշկի վրա զգալ ԱՄՆ քաղաքականության հետևանքները. Վրաստանին, Ուկրաինային և Ադրբեջանին տրամադրվող օգնությունը համապատասխանաբար կկրճատվի 58, 70 և 90 տոկոսով:

Ինչպես կարելի է նկատել, Բաքուն ամենաշատն է տուժել այս որոշման արդյունքում, ինչն, անկասկած, խոսում է Սպիտակ տանն` Ադրբեջանի հանդեպ իշխող տրամադրությունների մասին: Սա վկայում է այն մասին, որ իրականում ադրբեջանցիների այն պայծառ կանխատեսումները, թե Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալով Բաքվի ու Վաշինգտոնի հարաբերությունները նոր զարթոնք են ապրելու, սին դուրս եկան, ինչը, բնականաբար, լավ նորություն է գոնե մեզ` հայերիս համար: Ադրբեջանին հատկացվող օգնության կտրուկ կրճատումը նաև խոսում է Արևմուտքի` Ադրբեջանի նկատմամբ առավել գլոբալ հարցերում ունեցած տրամադրվածության մասին. այսօր Բաքուն առավելապես ընկալվում  է որպես նավթահոր, բայց ոչ երբեք գործընկեր պետություն. արևմտյան համապատասխան շրջանակներում վաղուց Ալիևը վերածվել է անկարևոր մի գոյի, ում հետ հարաբերոություններ կառուցելիս նախընտրում են խոսել վերևից, ուժի դիրքերից, ինչն, անկասկած, պայմանավորված է նաև Բաքվի տարածաշրջանային քաղաքականությամբ:

Միանշանակ է` ներկայում Երևանը Արևմուտքի համար շատ ավելի վստահելի ու ընկալելի գործընկեր  է համարվում, քան` Ադրբեջանը, ինչը, պետք է նկատել միագամայն բնական է, ու ինչը չի կարող չբխել մեր երկրի շահերիցՀարցն այստեղ բնավ էլ փողը չէ, այլ մեր հանդեպ այդ փողի միջոցով արտահայտվող վերաբերմունքը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ