«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինված ջոկատները մտել են Ռաքա: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Մեր ուժերը մտել են քաղաքի արեւելքում գտնվող Մեհլեբ թաղամաս»,-գործակալությանը հայտարարել է SDF-ի հրամանատար Ռոժդա Ֆելատը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի անմիջական ազատագրման գործողությունն սկսվել է հունիսի 5-ին: Ինչպես հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Թալալ Սիլոն, SDF-ն ԻՊ-ի դիրքերի վրա գրոհել է արեւելքից, արեւմուտքից եւ հյուսիսից: Նրա խոսքով՝ ճակատամարտը «դաժան է լինելու, քանի որ զինյալները պատրաստ են մեռնել՝ պաշտպանելով իրենց այսպես կոչված մայրաքաղաքը»:
Ռաքան ԻՊ-ի հսկողության տակ է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Ռաքայի ազատագրման գործողությունն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները, որոնց միջուկը կազմում են քրդական ջոկատները եւ արաբական ցեղերի աշխարհազորը, նրանց աջակցություն են ցուցաբերում ամերիկյան օդուժը եւ հատուկ նշանակության ուժերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: