Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հայտարարությություն է տարածել Հայաստանի նախագահական ընտրությունների ու հետընտրական գործընթացների վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Այսօր, քանի որ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հավաքվում են Ազատության հրապարակում բողոքելու ընտրակեղծիքների դեմ, Ամնեսթի Ինթրնեշընըլը կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետաքննել ընտրությունների ժամանակ մարդու իրավունքների հետ կապված խախտումները:

Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ու նախորդող քարոզարշավի հարցում Միջազգային միջկառավարական դիտորդների հիմնականում դրական գնահատականը Երեւանի կողմից չպետք է մեկնաբանվի որպես մարդու իրավունքների հետ կապված զեկույցների անտեսման միջոց»:

Amnesty International -ը մի քանի զեկույցներ է ստացել, որոնցում նշվում է, որ ընտրողների ու դիտորդների նկատմամբ ուժ է կիրառվել: Կազմակերպությունն անհանգստացած է, որ որոշ դեպքերում իշխանությունները չեն կարողացել համապատասխան պաշտպանություն ապահովել ու բռնությունների վերաբերյալ արագ ու պատշաճ հետաքննություն անցկացնել:

Հայտարարությունում անդրադարձ կա միջազգային դիտորդ Նարինե Էսմաիլիի նկատմամբ ֆիզիկական բռնության, aravot.am-ի ու asparez.am-ի լրագրողների, ակտիվիստ Ծովինար Նազարյանի եւ նրա գործընկեր Տաթեւիկ Բարսեղյանի նկատմամբ բռնության սպառնալիքի, լրագրողներ Մարինե Խառատյանի ու Գայանե Սարիբեկյանի վրա հարձակման, galatv.am-ի դեմ հաքերային հարձակման դեպքերի մասին:

Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն, որ լրագրողները կարողանան աշխատել առանց սպառնալիքների ու բռնությունների, իսկ քաղաքացիները կարողանան իրացնել իրենց քաղաքական իրավուքնենրն առանց մարդու իրավունքների խախտումների ենթարկվելու: Կազմակերպությունը կոչ է անում իրավասու մարմիններին արագ ու անկողմնակալ հետաքննություն անցկացնել իրավունքների խախտումների վերաբերյալ ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Իշխանությունները պետք է երաշխավորեն նաեւ հետընտրական բողոքի ու հրապարակային հանրահավաքների մասնակիցների անվտանգությունը»: