Այսօր՝ հուլիսի 29-ին ավարտվեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի գործով դատավարությունը, նա դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման։ Նշենք, որ վերջինս մեղարդրվում է 2016թ․ հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ։


«Դատարանն ինձ ճանաչեց մեղավոր' սահմանելով 1 տարի 6 ամիս ազատազրկում, որը փոխարինվեց 2 տարի պայմանական ազատազրկմամբ»,- տեղեկացնում է Անի Զախարյանը:
Ըստ մեղադրական եզրակացության' Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երևանի Խորենացի և Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր և դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել և վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:


Նշենք, որ Անի Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է' ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն դրդելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: