Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի բյուջեի կատարողականը: ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նկոլ Փաշինյանն, անդրադառնալով 2016 թվականի բյուջեի կատարողականին, ավելի շատ խոսեց ոչ թե փվերի, այլ անձերի մասին: Նա զուգահեռներ անցկացրեց նախկին և ներկայիս Կառավարությունների և դրանց ղեկավարների միջև. «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ համար նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ արեցին, գուցե պատճառն այն է, որ նրա ժամաանակ տնտեսության ցուցանիշները շատ ցածր էին, ինչն էլ չներվեց Հովիկ Աբրահամյանին: Նրա պաշտոնանկության պատճառներից մեկն էլ և կարծում եմ ամենակարևոր պատճառը, այն է, որ նա, լինելով ՀՀԿ հնաբնակներից մեկը, կարող էր իր շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել և խախտել Սերժ Սարգսյանի՝ մեզ և ձեզ հայտնի պլանները»:
Պատգամավորի փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանի ղեկավարած Կառավարության ցուցանիշներն էլ ցածր են, բայց կա մի տարբերություն. «Ինչո՞ւ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, որովհետև նա ՀՀԿ-ի հնաբնակներից չէ և այս կուսակցության ներսում կոնսոլիդացիա չի կարող ապահովել»:
Պատգամավորը ներկաներին հիշեցրեց վարչապետի հայտնի պատասխանը, որ ինքը Սերժ Սարգսյանին չի համոզելու վարչապետ դառնալ, ինչը շատ նուրբ ներքաղաքական ենթատեքստ ունի:
«Կարեն Կարապետյանի այս պատասխանին հաջորդեց նախագահի այցը Կառավարություն, որտեղ Սերժ Սարգսյանը նստել էր այն աթոռին, որի վրա սովորաբար նստում է վարչապետը»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ ԵԼՔ-ը նույնպես չի համոզելու Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ՝ ներկաներին խորհուրդ տալով ուշադիր հետևել նաև քաղաքական նյուանսներին: