«Սասնա Ծռեր»-ի գործով արտագնա դատական նիստին այսօր՝ հուլիսի 12-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Նիստի ժամանակ պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, որից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու իր ինքնաբացարկի մասին միջնորդության վերաբերյալ:  

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային գնդի (ՊՊԾ) տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այդ դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել: